Գործադիրը մերժեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը

14:45, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մերժեց «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը կառավարության ապրիլի 25-ի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Նախաձեռնությամբ առաջարկվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարել և հանել այն շեմերը, որոնք սահմանված են, իսկ օրենքով սահմանված են 100 հազար դրամ ստորին և 10 մլն դրամ վերին շեմ: Առաջարկությունը քննարկվել է կոմիտեի նիստում հեղինակի մասնակցությամբ: Մենք ունենք արձանագրում, որ 50%-անոց համաձայնություն ունենք, որովհետև կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ում է գտնվում մի նախագիծ, ըստ որի ստորին շեմն առաջարկվում է հանել: Կար հեղինակի ցանկություն հանել նաև վերին շեմը, բայց մենք առաջարկել ենք ձեռնպահ մնալ այս փոփոխությունից, որովհետև այդ դեպքում ամբողջ կարգավորման տրամաբանությունը կփոխվի»,- ասաց Ջանջուղազյանը:

 


© 2009 ARMENPRESS.am