Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարները հաստատել են 2019թ. երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը

10:54, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ապրիլի 24-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են 2019թ. երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։

Այն ներառում է շուրջ երկու տասնյակ միջոցառումներ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, կապի, կապիտալ շինարարության, ռազմատեխնիկական համագործակցության և մի շարք այլ ոլորտներում։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև բարձր մակարդակի փոխայցելություններ կազմակերպելու ուղղությամբ։ 


© 2009 ARMENPRESS.am