Հայկ Մարությանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանությունից քաղած ամենակարևոր դասը պետք է լինի հույսն ինքներս մեզ վրա դնելը

12:47, 24 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին մեծ ողբերգության զոհերի հիշատակը հարգեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում քաղաքապետը նշեց՝ Հայոց ցեղասպանությունից պետք է դասեր քաղել:

«Սա մեր Հայոց պատմության ամենաողբերգական էջերից մեկն է: Այստեղից մենք պետք է դասեր քաղենք և, ըստ իս, ամենակարևոր դասն այն է, որ մենք միշտ պետք է ուժեղ լինենք և մեր հույսը դնենք միայն մեզ վրա»,- նշեց Մարությանը:

Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացվածը  20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ որպես ցեղասպանություն ճանաչել են երկու տասնյակից ավելի երկրներ ու միջազգային կառույցներ:


© 2009 ARMENPRESS.am