Մարությանը խոստանում է՝ առաջիկայում քաղաքացին կունենա մաքուր Երևան

16:53, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցնում է, որ քաղաքացին պարտադիր ապրելու է մաքուր Երևանում, և քաղաքապետարանն արդեն իսկ դրան հասնելու ճանապարհին է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարությանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում: «Մենք աղբահանության խնդրին տալիս ենք համալիր լուծումներ: «Սանիթեք» ընկերությանը սկզբում ասվել էր, որ եթե իրենք ապահովեն իրենց բնականոն աշխատանքը և ապահովեն Երևանի մաքրությունը, մենք միայն ուրախ կլինենք: Սկսեցինք նրանց հետ աշխատել ամենօրյա ռեժիմով, բայց տեսանք, որ իրենք թերանում են: Հենց սա է պատճառը, որ ձեռնարկում ենք այն միջոցառումները, որը դուք տեսնում եք»,- նշեց քաղաքապետը:

Անդրադառնալով «Սանիթեք» ընկերությանը 13 մլն դրամ տուգանելուց հետո իրականացված աշխատանքների հարցին` քաղաքապետը նշեց, որ ընդհանրապես գոհ չի ընկերության աշխատանքից, սակայն համեմատության մեջ մի փոքր լավացել է տուգանելուց հետո:

 


© 2009 ARMENPRESS.am