Առողջապահության նախարարն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

12:37, 21 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հանդիպել բուժանձնակազմի հետ։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը ողջունել է անձնակազմին և կարևորել է բժշկական կենտրոնի դերը և նշանակությունն առողջապահության համակարգում՝ որպես պետական, խոշոր և բազմաֆունկցիոնալ հիվանդանոց։

 

Առաջին անգամ այս ձևաչափով նախարարը փորձել է հասկանալ պացիենտի հետ անմիջական շփվող բժիշկների աշխատանքի ընթացքում ծագող խնդիրները։ Կենտրոնի տնօրենը նախարարին է ներկայացրել ընթացիկ աշխտանքները, այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են առօրյայում։

Հարցուպատասխանի ընթացքում նախարարը արձանագրել է այն հիմնական կետերը, որոնց ուղղությամբ հետագայում պետք է աշխատանքներ տանել, մասնավորապես ծննդօգնության, ուռուցքաբանության, մանկաբարձագինեկոլոգիական, մանկաբուժության, առողջության առաջնային պահպանման և այլ ուղղություններով։

 


© 2009 ARMENPRESS.am