ՀՀ և Թուրքմենստանի միջև մարզական ոլորտումում համագործակցության հարցերը կներառվեն միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգում

19:57, 19 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը ապրիլի 18-ին հանդիպել է Թուրքմենստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Դայանչ Գուլգելդիևի (Daýanç Gulgeldiýew) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ դեսպանը և նախարար Գուլգելդիևը կարևորել են երկու երկրների հարաբերություններում սպորտի ոլորտում համագործակցությունը: Նախարարը գոհունակությամբ նշել է, որ թուրքմեն մարզիկները պարբերաբար ուսումնամարզական հավաքներ են անցկացնում Ծաղկաձորում: Զրուցակիցներն անդրադարձել են ծանրամարտի բնագավառում հայկական կողմի ունեցած փորձառության, մարզիչների, մարզական դատավորների և բժիշկների վերապատրաստման, տարբեր մարզաձևերում փորձի փոխանակման, ընկերական մրցաշարերի, համատեղ սպորտային հավաքների և միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև Հայաստանի դպրոցներում շախմատի դասավանդման փորձին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2019թ. Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի օրակարգում ընդգրկել մարզական բնագավառում համագործակցության հարցեր:


© 2009 ARMENPRESS.am