Ոստիկանները բացահայտել են Գյումրու թիվ 38 դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները

18:02, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գյումրու թիվ 38 հիմնակարգ դպրոցի նախկին տնօրենը ապօրինություններ է թույլ տվել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ նախնական տվյալների, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2005-ից 2015 թվականների ընթացքում, տարբեր ժամանակահատվածներով դպրոցում որպես պահակ է ձևակերպել փեսային, փեսայի հորը, որպես դռնապահ՝ փեսայի մորը և մի կնոջ, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի շուրջ 3.090.000 դրամ գումարը յուրացվել է:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչություն՝ նախաքննության:


© 2009 ARMENPRESS.am