Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը թիմային աշխատանքի արդյունք է. Վահագն Դավթյան  

14:28, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց թիմի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանը վերջին արդյունքը համարում է գնահատական թիմային աշխատանքին:

«Ելույթս կգնահատեմ լավ, քանի որ վերջնական արդյունքում մրցանակային տեղ գրավեցի, սակայն կային թերություններ, որոնք կշտկեմ: Ուրախ եմ, որ հաջողվեց Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճել: Եվրոպայի առաջնության մեդալը մեր թիմի նվաճած մեդալն է: Սա թիմային աշխատանքի, ջանքերի արդյունքն է»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դավթյանը:

Դավթյանը իրավունք է ստացել մասնակցելու Եվրոպական երկրորդ խաղերին: «Նպատակ ունեմ Եվրոպական խաղերին լավ մասնակցել, իսկ արդյունքն, իհարկե, կցանկանամ կրկնել կամ գերազանցել Եվրոպայի առաջնությունում գրանցած իմ արդյունքը: Ուզում եմ պարզապես լավ ելույթ ունենալ Մինսկում: Ես շատ լավ եմ տրամադրված»,- ասաց նա:

Լեհաստանում կայացած Եվրոպայի առաջնության առանձին վարժությունների օղակներ մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձավ բրոնզե մեդալակիր՝ հավաքելով 14.933 միավոր: Նույն ձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Թովմասյանը միայն 7-րդն էր:Հայաստանի ընտրանու անդամ Արթուր Դավթյանը բազմամարտի եզրափակիչում հավաքելով 83.097 միավոր` գրավեց 8-րդ տեղը


© 2009 ARMENPRESS.am