Հաքերները փորձել են հարձակում իրականացնել Բելգիայի ԱԳՆ ցանցի վրա

19:40, 16 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաքերներն ապրիլի 15-ին փորձել են կոտրել Բելգիայի արտաքին գործերի նախարարության համակարգչային ցանցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Կարլ Լագատյեն:

Նա տեղեկացրել է, որ հաքերային հարձակման փորձից հետո ու դրա կանխման նպատակով որոշում է կայացվել իզոլացնել ցանցն ու համակարգը վերագործարկել:

Լագատյեն նշել է, որ Բելգիայի ԱԳՆ համակարգչային ցանցն անջատվել է բոլոր երկրներում, ու հաքերներին չի հաջողվել մուտք գործել առանձին սերվերներ:

Ցանցի աշխատանքների վերականգնման համար պահանջվելու է 72 ժամ:

ԱԳՆ-ից հրաժարվել են հայտնել, թե որտեղից է եղել հաքերային հարձակումը:


© 2009 ARMENPRESS.am