Հայաստանը և Գերմանիան խորացնում են համագործակցությունը բնապահպանության ոլորտում 

18:28, 15 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության զարգացման և տնտեսական համագործակցության նախարարության ներկայացուցիչ Դանիել Հաասի գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի,  KfW գերմանական բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Կլաուս Վայգելի, բանկի ծրագրի ղեկավար Ալվարո Բեռիելի, KfW-ի և GIZ-ի հայաստանյան ներկայացուցիչների ուղեկցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ժամանակ քննարկվել է Գերմանական KfW բանկի կողմից  բնապահպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ուղղված՝ 2019-2020 թթ. համար Հայաստանին բյուջետային աջակցության տրամադրման գործընթացը։ Դիտարկվել են բարեփոխումների թիրախները և ակնկալվող արդյունքները։

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, ներկայացնելով կենսաբազմազանության պահպանության ուժեղացման, միասնական մոնիթորինգի ու թույլտվությունների համակարգերի ձևավորման, փորձաքննության գործընթացների օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունների միջոցառումները, նշել է, որ դրանց հիմնական նպատակը շրջակա միջավայրի պահպանության արդյունավետության բարձրացումը և ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի շրջանակներում բնապահպանության ոլորտին առնչվող մոտ 30 հրահանգների մոտարկման համար Բնապահպանության նախարարության մշակած 97 գործողությունների ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքին։


© 2009 ARMENPRESS.am