Հայաստանի և Գվատեմալայի խորհրդարանները սերտացնում են կապերը. ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց միջխորհրդարանական համաձայնագրին

14:13, 15 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական գնահատեց Հայաստան-Գվատեմալա միջխորհրդարանական համագործակցության համաձայնագրի կնքումը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնությունը քննարկվեց հանձնաժողովի ապրիլի 15-ի նիստում:

 «Գվատեմալայի խորհրդարանն ընդունել էր հակահայկական բանաձև, որը Ադրբեջանի ակտիվ աշխատանքի արդյունքն էր: Դեսպանի և արտգործնախարարի մակարդակով քննարկումների ժամանակ այս հարցը բարձրացվել է, և Գվատեմալայի խորհրդարանի փոխնախագահը նշել է, որ այդ հակահայկական բանաձևն ընդունվել է նախորդ գումարման ԱԺ-ի ընթացքում՝ քիչ ձայներով: Եվ եղել է խոստում, որ այսուհետ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերում նրանք կլինեն չեզոք և հնարավորինս զուսպ: Եվ Գվատեմալայի կողմից եղել է առաջարկ՝ կնքել միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիր, ինչը հետագայում կնպաստի ավելի խորը միջխորհրդարանական կապերի հաստատմանը»,-ներկայացրեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

 Նա նշեց, որ համաձայնագիրը կնպաստի, մասնավորապես, ապագայում երկու կողմերում բարեկամական խմբերի ձևավորմանը, ինչպես նաև օրենսդիր ոլորտում համագործակցությանը: Ռուբինյանն առաջարկեց դրական գնահատել համաձայնագրի կնքումը, ինչից հետո, կախված արդյունքներից, կքննարկվի բարեկամական խմբի ստեղծման հարցը: ԱԺ հանձնաժողովը միաձայն դրական գնահատեց համաձայնագրի կնքումը:


© 2009 ARMENPRESS.am