Մանկապատանեկան հանդեսների ներկայացուցիչները հորդորում են ԿԳՆ-ին վերանայել մամուլի հրատարակման մրցույթի անցկացման չափորոշիչները

17:15, 11 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Աղբյուր», «Կանչ», «Ծիծեռնակ» մանկապատանեկան հանդեսները դուրս են մնացել ՀՀ կրթության և գիտության  նախարարության մանկապատանեկան մամուլի հրատարակման վերաբերյալ հայտարարած մրցույթից: Հանդեսների գլխավոր խմբագիրներն իրենց վրդովմունքն են հայտնում այդ կապակցությամբ` նշելով, որ անհրաժեշտ է վերանայել մրցույթի անցկացման չափորոշիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին խմբագիրները հայտնեցին ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Նախքան Կրթության և գիտության նախարարությունը կհայտներ մրցույթի մասին  հնարավորություն ունեցանք զրուցել նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նա ասաց, որ մանկապատանեկան մամուլի հրատարակման վերաբերյալ հայտարարվելու է տենդեր: Հենց այդ ժամանակ բարձրացրեցինք հարց, որ  գոնե տասը տարվա պարբերականություն ունեցող ամսագրերը մասնակցեն տենդերին: Նախարարն ընդունեց դա: Մրցույթից հետո հաղթեցին այնպիսի հրատարակություններ ու տպարաններ, որոնք մանկապատանեկան  ամսագրեր կամ թերթեր չեն հրատարակել»,-պատմեց իննսունամյա «Ծիծեռնակ» մանկապատանեկան հանդեսի խմբագիր Անուշ Վարդանյանը:

Նա շեշտեց, որ տենդերը  տրամադրելիս պետք է նայել մանկապատանեկան մամուլի բովանդակությունը, ոչ թե առաջնահերթությունը տալ հրատարակությունների, որոնք քիչ գումար են ներկայացրել:

«Մենք  դիմել ենք  Կրթության և գիտության նախարարին, ՀՀ վարչապետին և այլ պատկան մարմինների, որպեսզի  վերանայեն տենդերը»,-շեշտեց Վարդանյանը:

«Աղբյուր» մանկապատանեկան  ամսագրի գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյանի խոսքով` մրցույթին մասնակցել ու չեն շահել այն պատճառով, որ այլ մասնակիցները  ավելի քիչ գին են ներկայացրել տպագրության համար:

«1990 թվականին Գերագույն խորհրդի նախագահությունը որոշեց մանկապատանեկան երեք հանդեսները` «Աղբյուրը», «Կանչը», «Ծիծեռնակը»  վերցնել պետական հովանավորության տակ և հոգալ դրանց հրատարակման ու պահպանման հարցերը: Մեզ տրամադրվող գումարն այն ժամանակից մինչ օրս հասում էր ոչ միայն մեր խմբագրություններին, այլև մանկապատանեկան այլ պարբերականների, քանի որ նպատակ կար զարգացնելու ոլորտը: Այս տարի որոշվեց գումարը  բաշխել մրցույթի միջոցով: Կարծում եմ` դա ռազմավարական առումով սխալ քայլ է»,-ընդգծեց նա:

Տոնոյանն առաջարկում է տենդերն անվավեր ճանաչել հստակ բովանդակային և այլ չափորոշիչների բացակայության հիմքով: «Անվավեր ճանաչելուց հետո  այս տարվա ֆինանսավորումը բաշխել այնպես, ինչպես նախորդ տարիներին, տարվա ընթացքում ձևավորել մասնագետների հանձնախումբ փորձառու լրագրողներից, մանկավարժներից,  գրողներից, որոնք տարվա ընթացքում կմշակեն մրցույթի անցկացման  չափորոշիչների ցանկ: Թող լինի նոր մրցույթ, բայց ոչ թե մեկ տարվա համար, այլ գոնե հինգ»,-շեշտեց Տոնոյանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ անհրաժեշտ է կարևորել մանկապատանեկան մամուլի որակյալ բովանդակությունը: «Մանկապատանեկան մամուլը պետք է լինի գունագեղ, հարուստ բովանդակությամբ, կրթական ու դաստիարակչական թեմաներով: Վերոնշյալ երեք պարբերականները  մանկապատանեկան  գրականության հիմնական կրողներն են»,-ընդգծեց նա:

«Ծիծեռնակ» հանդեսն իննսուն տարվա պատմություն ունի, «Աղբյուրը» հրատարակվում է 1923 թվականից: Այն հիմնադրել են Եղիշե Չարենցն ու Ստեփան Զորյանը, իսկ «Կանչը»  94 տարվա պատմություն ունի:

 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am