«Ժառանգությունը» ավելի լուրջ դերակատարում կունենա ներքաղաքական և  արտաքին քաղաքական դաշտում. կուսակցության փոխնախագահ

14:40, 11 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցությունը  ողջունում է գործող իշխանությունների անցյալին առերեսվելու, անցյալի սխալները չկրկնելու մոտեցումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ անցած 9 ամիսները բեկումնային ճամփաբաժան էին հնի ու նորի միջև: «Հեղափոխության ակունքներում կանգնած էր նաև «Ժառանգություն» կուսակցությունը: Մենք մեր կապիտալը ներդրել ենք հեղափոխության հաղթանակի համար»,- ասաց նա:

Գրիգորյանը նշեց, որ կուսակցությունը ողջունում է հեղափոխական ուժի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ իր սկսած նախաձեռնություններում, որի նպատակն է Հայաստանի քաղաքական համակարգի ախտահարումը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանն էլ հավելեց, որ  «Ժառանգություն» կուսակցությունը մնացյալ ազատական և ժողովրդավարական իր սկզբունքները կիսող կուսակցությունների հետ մեկտեղ կփորձի արդեն ավելի լուրջ դերակատարում ունենալ Հայաստանի ներքաղաքական և  արտաքին քաղաքական դաշտում՝  երևան հանելով սկզբունքների և գործելակերպի հակասությունը:


© 2009 ARMENPRESS.am