ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ համադրման կոմիտեի նիստի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հանդիպել Դավիթ Տոնոյանին

18:59, 10 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ համադրման կոմիտեի 50-րդ հոբելյանական նիստի մասնակիցներն ապրիլի 10-ին այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ապրիլի   10-ին  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին (ԱՊՀ ՊՆԽ) առընթեր ՀՕՊ համադրման կոմիտեի 50-րդ հոբելյանական նիստին և ՀՕՊ (ՌՕՈՒ և ՀՕՊ, ՕՊՈՒ, ՕՏՈՒ) զորքերի հրամանատարների ուսումնամեթոդական հավաքներին մասնակցելու նպատակով  Հայաստանում գտնվող ԱՊՀ պետությունների`  Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների ՀՕՊ ոլորտի պատասխանատուներին և ԱՊՀ ՊՆԽ քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ ՀՕՊ համակարգի զարգացման հիմնական ուղղությունները, հակաօդային պաշտպանության խնդիրներ: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Հայաստանի միջազգային ռազմական համգործակցության առաջնահերթ ուղղություններից մեկի` հակաօդային պաշտպանության ոլոտում փոխգործակցության հետագա զարգացումը:


© 2009 ARMENPRESS.am