Հայ-ռուսական համատեղ հիմնադրամը կֆինանսավորի երկու երկրների ինովացիոն ծրագրերը

17:57, 10 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Ռուսաստանն առաջիկայում կստեղծեն համատեղ հիմնադրամ, որն արտոնյալ վարկավորման միջոցով կֆինանսավորի երկու երկրներում բարձր տեխնոլոգիաների և ինովացիոն ծրագրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը՝ ամփոփելով Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի՝ Մոսկվայում անցկացված նիստը:

«Համաձայնություն ձեռք բերվեց, որ առաջիկայում ստեղծվելու է նոր համատեղ հիմնադրամ: Այն ֆինանսավորելու է բարձր տեխնոլոգիաները և ինովացիաները: Այդ հիմնադրամի ձևավորմանը մասնակցելու է  նաև Եվրասիական զարգացման բանկը: Եվ ֆինանսավորվելու են երկու երկրներում ինովացիաները և բարձր տեխնոլոգիաները»,-ասաց Բաբայանը:

Նա նկատեց, որ ֆինանսավորման համար կան բավարար միջոցներ, մնում է ներկայացնեն ծրագրեր: Ֆինանսավորումը լինելու է արտոնյալ վարկավորման միջոցով, լինելու է  ավելի մատչելի վարկավորում: Հիմնական համաձայնությունը կողմերն արդեն ձեռք են բերել, իսկ մանրամասները կքննարկվեն արդեն ձևավորման փուլում:

Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը կայացել է Մոսկվայում ապրիլի 4-ին:

 


© 2009 ARMENPRESS.am