Երևանում մեկնարկած միջազգային համաժողովը Հայաստանին հնարավորություն կտա առաջընթաց արձանագրել տարբեր ոլորտներում

16:50, 10 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը  Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտական ինստիտուտի,  Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի  հետ համագործակցությամբ և  Հայաստանում ֆրանսիական համալսարանի  և  Թումոյի  աջակցությամբ  իրականացնում է «Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» խորագրով միջազգային համաժողով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն եռօրյա է ու տևելու է ապրիլի 10-ից 12-ը:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին արհեստական բանականության, մեգատվյալների դերը կայուն զարգացման մեջ և կիբերավտանգության թեմաները:

Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը նշեց, որ անցում է կատարվում և՛ տեխնոլոգիական, և՛ հասարակական ժամանակաշրջան:

«Կարծում եմ, որ այդ անցման մեջ մեծ դեր պետք է ունենան մասնավոր անձինք, ինչպես նաև պետական ու հանրային գործիչները»,- ասաց Լավեստը:

Նրա կարծիքով՝ պետք է բարձրացնել այն հարցերը, որոնք վերաբերում են գիտությանը և պետք է սպասարկեն մեր հասարակություններին:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը շեշտեց, որ 6 ամիս առաջ ստորագրվել է համաձայնության արձանագրություն՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և Թուլուզի 3 համալսարանների միջև:

«Այդ արձանագործությունը հնարավորություն է տալու Երևանում ստեղծել Բարձր արտադրողականությամբ հաշվարկների ազգային կենտրոն, ինչը հնարավորություն կտա ունենալ մի էկոհամակարգ ամբողջ հարավային Կովկասում: Այն կհամատեղի գիտական, սոցիալ-տնտեսական հետազոտությունները պետական գործիչների բարձր արտադրողականությամբ հաշվարկների և թվային սիմուլյացիայի շուրջ»,- ասաց Լաքոտը:

Դեսպանի խոսքով՝ այս գիտաժողովը հնարավորություն կտա Հայաստանին առաջընթացներ արձանագրել բնական ռիսկերի կառավարման, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում:

Եռօրյա թեմատիկ 4 կլոր սեղանների շուրջ քննարկումները կանցկացվեն հանրային, մասնավոր տնտեսական և գիտական ոլորտների միջազգային բանախոսների մասնակցությամբ:

 


© 2009 ARMENPRESS.am