Փորձագիտական լսումներ Մարաղա գյուղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

15:43, 10 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի (ՀԿՏԿ) և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ (ԸԻԿ) նախաձեռնությամբ ապրիլի 10-ին տեղի ունեցան լսումներ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում տեղի ունեցած ցեղասպանության 27-րդ տարելիցի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լսումները և դրանց հաջորդող քննարկումները տեղի ունեցան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Լսումներին բացման խոսքով հանդես եկավ ՀԿՏԿ փոխտնօրեն Նարեկ Ադամյանը։ Այնուհետև ցուցադրվեց հատված «Սովորական ցեղասպանություն» շարքի «Մարաղա» փաստագրական ֆիլմից:

«Այս հարցն ունի քննարկման երկու բաղադրիչ՝ բարոյական և քաղաքական: Բարոյական բաղադրիչի վերաբերյալ կարծիք են հայտնել ոչ միայն հայ, այլև օտարերկրյա փորձագետներ, միջազգային հանրությունը»,- նշեց Ադամյանը:

Նրա խոսքով՝ Մարաղայից առաջ եղել են Սումգայիթի, Բաքվի ջարդեր, ինչը որոշակի պատմական փորձառություն պետք է լիներ՝ խուսափելու համար ոճրագործությունից: Ադամյանը հույս հայտնեց, որ գուցե մի օր միջազգային հանրությունը ճանաչի Մարաղայի, Բաքվի, Սումգայիթի և Հայոց Ցեղասպանությունը:

ՀԿՏԿ փոխտնօրենի պնդմամբ՝ Հայաստանի համար հասարակության հետ համակարգային աշխատանքը առաջնահերթություն է, որպեսզի Մարաղայի իրադարձությունները լայնածավալ լուսաբանվեն:

«Սա թույլ կտա մեզ հիմքեր ստեղծել իրավական դաշտում ավելի ակտիվ աշխատանքի համար», - ընդգծեց Նարեկ Ադամյանը:

Միջոցառման շրջանակում ներկաներին ներկայացվեց նաև Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսի ուղերձը:

«Կարեւորում եմ, որպեսզի այդ իրադարձությունները գրի առնվեն և բարձրացվեն լրատվամիջոցներում: Մարաղայում կատարված վայրագությունները պետք է արժանանան միջազգային հանրության ուշադրությանը: Հույս ունեմ, որ անմեղ մարդկանց կոտորածը կտա Արցախի հայերին իրենց ինքնորոշման իրավունքը», - նշվում է նամակում:

Զեկույցներով հանդես եկան նաև ԸԻԿ հասարակական կազմակերպության, ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ և այլ փորձագետներ:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ իրենք ԱԺ-ին առաջարկում են այնպես անել, որպեսզի այս իրադարձություններին տրվի իրավաբանական որակում, այլ ոչ թե ուրիշները ճանաչեն:

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը խոսեց Ապրիլյան պատերազմի և Մարաղայի մասին, զուգահեռներ անցկացնելով երկու դեպքերի միջև: Նրա խոսքով՝ երկու դեպքում էլ Ադրբեջանի իշխանությունները իրենց զինծառայողներից շատերին, ովքեր դաժանաբար սպանել կամ խոշտանգել են հայ զինծառայողներին, արժանացրել են հերոսի կոչումների:

Մարաղայում ցեղասպանությունն անկախ Ադրբեջանի առաջին հանցագործությունն էր Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն՝ այդ ռազմական հանցագործությանը զոհ է գնացել ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 30 կին։ Շուրջ 50 մարդ, այդ թվում՝ 9 երեխա և 29 կին, պատանդ են վերցվել։ Նրանց մի մասին հետագայում հաջողվել է վերադարձնել, սակայն 19 պատանդի ճակատագիրն առ այսօր անհայտ է։

Լսումներին հրավիրված էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ ու փորձագետներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Արցախի Հանրապետությունից:


© 2009 ARMENPRESS.am