«The Swingles» վոկալ խմբի համերգով կազդարարվի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկը

12:53, 10 Ապրիլ, 2019

 ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բրիտանական «The Swingles» վոկալ խմբի համերգով ապրիլի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 20-րդ հոբելյանական փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խումբը հանդես կգա Look Back (ForWard) ծրագրով, որը հետահայաց է խմբի 50-ամյա երաժշտական պատմությանը: Կհնչեն 60-70-ականների երգիչ-երգահանների ստեղծագործություններ: Խմբի երկացանկն ընդգրկում է համաշխարհային դասական, ջազ, էթնիկ, ժամանակակից` բոլոր ազգերի և ժամանակների երաժշտություն:

Հիսուն տարվա պատմություն ունեցող և հինգ «Գրեմմիի» արժանացած խումբը ձևավորվել է Փարիզում` Ուորդ Սվինգլի կողմից: Առաջին «Սվինգլները»  Էդիտ Պիաֆին, Շարլ Ազնավուրին և Միշել Լեգրանին ձայնակցողներն էին, նրանց մեջ էր նաև վերջինիս քույրը` Քրիստին Լեգրանը:

Խմբին համաշխարհային ճանաչում է բերել 1960 թվականին թողարկած Յո. Ս. Բախի ստեղծագործությունների փոխադրումը ութ ձայնի համար: «Սվինգլների»  նորարարական և վիրտուոզ երգեցողությանը անմիջապես հիացական արձագանքներ ուղղեցին Էլլա Ֆիցջերալդը, Եհուդի Մենուհինը, այլ մեծանուն երաժիշտներ:

Այսօր  «The Swingles»-ի կազմում ընդգրկված  են երգիչներ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Գերմանիայից: «Սվինգլը» արդեն կես դար շարունակ ընդլայնում է վոկալ երաժշտության պատկերացումների հորիզոնը։ Նրանք դարձել են բազմամիլիոնանոց լսարանի սիրելիները հոլիվուդյան և այլ հայտնի ֆիլմերի սաունդթրեքները ձայնագրելու համար:

Մարդկային ձայնով տարբեր երաժշտական գործիքների ձայների վերարտադրումը խմբի չգերազանցված կարողությունն է, որը տասնյակ տարիների ընթացքում նմանակվել է բազմաթիվ կատարողների կողմից` ոգեշնչման աղբյուր դառնալով բազմաթիվ կոմպոզիտորների համար:

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Փառատոնի հիմնադիր նախագահն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:  


© 2009 ARMENPRESS.am