ԱԻՆ-ը մարդասիրական օգնության շարասյուն ուղարկեց Իրան՝ ջրհեղեղից տուժածներին օժանդակելու համար

14:40, 8 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարդասիրական օգնություն ուղարկեց Իրանի Իսլամական Հանրապետություն՝ տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին օժանդակություն ցուցաբերելու համար:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ մարդասիրական օգնության տարբերակներից ընտրվել է գույքային օգնությունը:

«Մենք ուղարկում ենք վերմակներ, մահճակալներ և վրաններ: 4000 վերմակ, 250 մահճակալ, 30 վրան: Մերոնք մեքենայով այն հասցնելու են մինչև Թավրիզ, այնտեղ հանձնելու են «Կարմիր մահիկի» կազմակերպությանը, իրենք տնօրինելու են գույքը»,- ասաց Ցոլակյանը:

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշեց, որ ջրհեղեղի աղետալի վտանգը դեռ կա, և հայկական կողմի մարդասիրական քայլը շատ գեղեցիկ ու խորհրդանշական է:

«Բնական աղետներն անկանխատեսելի են, և ինչպես տարիներ առաջ Իրանի Իսլամական Հանրապետությունը բնական աղետի ժամանակ օգնության ձեռք մեկնեց հայ ժողովրդին, այնպես էլ հիմա Հայաստանն է օգնում Իրանին»,- նշեց դեսպանը:

Իրանում ջրհեղեղի պատճառով ավելի քան 70 մարդ է զոհվել: Բնական աղետի հետևանքով տուժել է ավելի քան 1900 քաղաք ու գյուղ:


© 2009 ARMENPRESS.am