Արմեն Սարգսյանը Հորդանանում մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումի բացմանը

13:46, 6 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված ֆորումի բացման արարողությանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումը տեղի է ունենում Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմի և թագուհի Ռանիա Ալ-Աբդալլահի աջակցությամբ և նրանց բարձր հովանու ներքո: 

Ֆորումի բացմանը ներկա են եղել երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, պետական, գործարար ու քաղաքացիական շրջանակը ներկայացնող ավելի քան 1000 առաջնորդներ։ 

Ֆորումի մասնակիցներին ողջունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմը։ Ելույթ ունեցողներն անդրադարձել են այն խնդիրներին ու մարտարհրավերները, որոնց առերեսվում է տարածաշրջանն ու աշխարհը՝ մասնավորապես խոսելով էներգետիկ անվտանգության, մաքուր և վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման, կլիմայական համակարգի փոփոխությունների և մի շարք այլ հարցերի շուրջ:


© 2009 ARMENPRESS.am