«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն

16:55, 4 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար,  գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ ապրիլի 1-ից ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է հայ-ռուսական միացյալ  զորախմբի  (ուժերի) ստորաբաժանումների  ներգրավմամբ անցկացվող գումարտակային մարտավարական  լայնածավալ զորավարժություն:  Զորավարժության նպատակն է ներդաշնակել տարբեր զորատեսակների ստորաբաժանումների համատեղ գործողությունները, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը` միասնական ուժերով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտավարական զորավարժության շրջանակում, ապրիլի 3-ին, «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է հանդիսավոր միտինգ և շարային ստուգատես: Ողջունելով զորավարժության մասնակիցներին` գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը հետաքրքրվել է նրանց մարտական պատրաստականությամբ ու տրամադրվածությամբ, ներգրավված ստորաբաժանումների, ծառայությունների և տեխնիկական միջոցների պատրաստության մակարդակով:

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարը վստահություն է հայտնել, որ հերթական համատեղ զորավարժության արդյունքները լինելու են գոհացուցիչ և առաջադրված բոլոր ուսումնամարտական և կրակային խնդիրները կատարվելու են արդյունավետ ու բարձր մակարդակով:

Զորավարժության յուրահատկությունն այն է, որ նախօրոք սցենար չի կազմվել և զինծառայողներին խնդիրներ են առաջադրվելու իրավիճակի զարգացմանը զուգահեռ։  Խաղարկվելու են պաշպանողական, հարձակողական, ինչպես նաև հակահարձակողական գործողություններ: Զորավարժությունը կշարունակվի մինչև ապրիլի 12-ը:


© 2009 ARMENPRESS.am