Նախագահ Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած մի խումբ ականավոր գիտնականների

09:56, 29 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ճապոնիայից, Չինաստանից, Դանիայից, Իսպանիայից Հայաստան ժամանած մի խումբ ականավոր գիտնականների, որոնք մեր երկրում են՝ մասնակցելու տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորմանը նվիրված միջազգային գիտաժողովին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը ողջունել է գիտնականների այցը և հույս հայտնել, որ գիտաժողովից հետո նրանց կապը Հայաստանի հետ էլ ավելի կամրանա:

«Վստահ եմ, որ Հայաստանի ապագան սերտորեն կապված է բարձր տեխնոլոգիաների, գիտության, գիտելիքահեն կրթության հետ, իսկ այս նպատակին տանող ամենակարճ ճանապարհը լավագույնների հետ գործընկեր լինելն է, նրանց ակադեմիական ու ինդուստրիալ փորձը Հայաստան բերելը»,- նշել է նախագահ Սարգսյանը:


© 2009 ARMENPRESS.am