Մանսուրյանի հոբելյանական համերգին հնչեցին նշանավոր կոմպոզիտորի երգերը՝ գրված Իսահակյանի բանաստեղծություններով

21:44, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տիգրան Մանսուրյան. Իսահակյանի հետ» խորագրով համերգային երեկոյին Հայաստանի պետական կամերային երգչախումբը դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ հնչեցրեց մաեստրոյի այն ստեղծագործությունները, որոնք Մանսուրյանը գրել է՝ ոգեշնչվելով Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններով:  Ներկայացվեցին «Վերջին հորձանք իմ ցնորքի», «Ծով», «Ռավեննայում», «Լուսինն ինչպես կարապ» և այլ գործեր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն կայցավ մարտի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Իսահակյանին ուշ հասա: Տարիներ էին անհրաժեշտ նրան խորությամբ հասկանալու համար, հատկապես այն շերտերը, որտեղ առաջ է գալիս բանահյուսությունն ու մաքուր պոեզիան, որը զերծ է արևելյան գունավորումից: Նա երկու ակունքների միացություն է՝ բանահյուսության և բարձրագույն համաշխարհային պոեզիայի. դրանք են նրա ակունքները»,-մեզ հետ զրույցում նշեց Տիգրան Մանսուրյանը:

Կոմպոզիտորի խոսքով՝ Իսահակյանի բանաստեղծությունները շատ երգեցիկ են: «Ասում են՝ նա գրել է երգելով, որպեսզի շեշտադրական համակարգը նույնը լինի»,-ընդգծեց Մանսուրյանը:

Երաժշտագետ Մհեր Նավոյանն ասաց, որ շատ կոմպոզիտորներ են հնչավորել Իսահակյանի պոեզիան: «Մանսուրյանի փորձը բարդ էր նրանով, որ անհրաժեշտ էր ներկայացնել այդ պոեզիայի նոր կերպարանքը մեր երաժշտական պատմության մեջ: Մանսուրյանի չարենցյան շարքը 2000-ականների սկզբին ձևավորեց հայ խմբերգային պատմության մեջ նոր փուլ: Դա խմբերգային լեզվի  ձևավորման շրջանը եղավ ոչ միայն Մանսուրյանի արվեստում, այլև հայ խմբերգային արվեստում առհասարակ: Իսահակյանական խմբերգերում ու մեներգերում ընդգրկված են բանաստեղծի քնարերգության տարբեր շերտավորումները»,- շեշտեց նա:

Համերգին որպես մենակատարներ հանդես եկան սոպրանոներ Սոֆյա Սայադյանը, Իրինա Զաքյանը, մեցցո-սոպրանո Քրիստինե Սահակյանը, ալտահարուհի Յանա Դարյանը, դաշնակահարներ Արթուր Ավանեսովը և Լուսինե Հակոբյանը, ասմունքեց դերասան Բաբկեն Չոբանյանը:

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգային ծրագրեր կիրականացվեն ամբողջ տարվա ընթացքում:

 


© 2009 ARMENPRESS.am