Սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութերի անցկացման փորձը

13:04, 26 Մարտ, 2019

 ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած հանգստյան օրերին Ագարակի սահմանային անցակետում ծառայության ընթացքում Հայաստանի սահմանը հատող տրանսպորտային միջոցներին և անձանց ստուգելիս Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահները կանխել են երկրի տարածք թմրանյութերի անօրինական անցկացման երկու փորձ:

  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում են Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունից:

Առաջին դեպքում ծառայողական շունը հայտնաբերել է արգելված նյութեր տրանսպորտային միջոցի սրահում, երկրորդ դեպքում՝ տաբատի վրա հատուկ կարված գրպանում:

Երկու դեպքում էլ թմրանյութերը Հայաստանի տարածք փորձել են անցկացնել Իրանի քաղաքացիներ, որոնք ցանկանում էին իրենց արձակուրդներն անցկացնել Հայաստանում՝ կապված Նովրուզի հետ: Ձեռք բերված բոլոր նյութերը ուղարկվել են փորձաքննության:

Ներկայում Հայաստանի համապատասխան մարմինները անցկացնում են համալիր միջոցառումներ դեպքերի մանրամասները պարզելու համար՝ պատասխանատվության կանչելու մեղավորներին:


© 2009 ARMENPRESS.am