Աղետների կանխարգելումը՝ գերնպատակ. Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՅՈԻՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

16:58, 25 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ (ՅՈԻՆԻՍԵՖ) Տանյա Ռադոչային:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է ՀՀ կառավարության հետ կնքված ծրագրի կատարումը և  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ԱԻՆ համագործակցության ընդլայնումը:

Նախարարն ընդգծել է, որ իր հումանիտար առաքելության մեջ նախարարության գլխավոր անելիքը աղետների հնարավոր կանխարգելումն է: Այդ առումով չափազանց կարևոր է դպրոցներում համապատասխան գիտելիքների ուսուցումը:

Այս տեսանկյունից առավել քան կենսական է Հանրապետության հանրակրթական  հաստատություններում քաղպաշտպանության դասընթացների անցկացումը:

Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրել է, որ այս հարցում կրթության և գիտության նախարարության հետ առկա է նախնական համաձայնություն:

Ըստ նախարարի՝ աղետների ռիսկի նվազեցմանը կծառայի նաև դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում լուսաձայնային և ազդանշանային համակարգերի տեղադրումը:

Տանյա Ռադոչան շեշտել է  ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստամությունը բնական և տեխնածին աղետների դեպքում ՀՀ-ին աջակցելու հարցում՝ նշելով, որ  ժամանակակից աշխարհում որևէ երկիր ապահովագրված չէ աղետներից:

Միջազգային կառույցի ներկայացուցչի խոսքով՝ ՀՀ-ին օժանդակության ծրագրի շրջանակներում 55 դպրոցական հաստատություններին տրամադրվում է աղետների ժամանակ գործողությունների վերաբերյալ ուսումնամեթոդական գրականություն: 

Նա տեղեկացրել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեթոդական օժանդակություն է ցուցաբերում աղետների ռիսկի նվազեցման գործում օրենսդրական կարգավորումներում:

Հանդիպման վերջում Ֆելիքս Ցոլակյանը հույս  է հայտնել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության արդյունքում  մեր երեխաները կդառնան ավելի պաշտպանված և իրազեկ:

 

 


© 2009 ARMENPRESS.am