ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է Մանվել Գրիգորյանի գործով համապատասխան տեղեկատվություն տրամադրել

11:40, 25 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հետաձգել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր  Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության պաշտոնական կայքէջը:
«Մարտի 22-ին ՄԻԵԴ-ից  ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ  մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը խնդրել է, որ Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով:

Մարտի 22-ին Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ պահանջելով ՀՀ կառավարությունից մինչև ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:

Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր՝  նշված տեղեկատվությունը հավաքելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևակերպելու և սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար»,- նշված է կայքէջում:


© 2009 ARMENPRESS.am