Դաղստանում աղիքային վարակով հիվանդանոց է տեղափոխվել 104 մարդ

17:55, 24 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաղստանի Խասավյուրտ քաղաքում աղիքային վարակով հիվանդանոց է տեղափոխվել 104 մարդ, այդ թվում՝ 90 երեխա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին նշված է Դաղստանի առողջապահության նախարարության պաշտոնական կայքում։

Ավելի վաղ նշվել էր, որ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում է գտնվում սուր աղիքային վարակ ունեցող 89 մարդ, որոնց վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության։

«Ռոսպոտրեբնադզոր»-ի տվյալներով՝ համաճարակաբանական հետաքննություն անցկացնելու նպատակով միջադեպի օջախ է մեկնել մասնագետների խումբ։ Տեղում կազմակերպվել է հակահամաճաչրակային միջոցառումների համալիր, հիվանդներից կատարվել է կլինիկական նյութի, ինչպես նաև ջրմուղի ջրի նմուշառում՝ մանրէաբանական և վիրուսաբանական հետազոտությունների անցկացման համար։ Իրավիճակը գտնվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի հանրապետական վարչության հսկողության տակ։

 

 


© 2009 ARMENPRESS.am