Ղազախստանի նախագահը հաստատել է մայրաքաղաքը Նուր-Սուլթան վերանվանելու որոշումը

15:11, 23 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ստորագրել է օրենքը, որը վերաբերում է հանրապետության մայրաքաղաքի վերանվանմանը ` Նուր-Սուլթան:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:

Տոկաեւը մարտի 20-ին նախագահի երդման արարողությունից անմիջապես հետո ձեռնամուխ է եղել մայրաքաղաք Աստանան «Նուր-Սուլթան վերանվանելու նախաձեռնությանը: Նա նաեւ առաջարկել է հավերժացնել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի անունը `քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը կոչելով նրա անունով: Նույն օրը խորհրդարանը պալատների համատեղ նիստում ընդունել է Սահմանադրության փոփոխությունը՝ Աստանան վերանվանելու մասին օրենքը:

Ավելի վաղ՝ Աստանայում եւ Ալմաթիում տեղի են ունեցել մայրաքաղաքի վերանվանումից դժգոհողների  ինքնաբուխ հանրահավաքներ: Ականատեսների խոսքերով, Աստանայում ձերբակալվել է շուրջ 60 մարդ, իսկ Ալմաթիում, մոտ 20: Այս քաղաքներում ոստիկանության ստորաբաժանումները չեն մեկնաբանում ձերբակալությունները:


© 2009 ARMENPRESS.am