Նիկոլ Փաշինյանը դեմ չէ ծխախոտի գինը բարձրացնելուն աստիճանաբար ու բալանսավորված գործընթացի արդյունքում

12:33, 23 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ չէ, որ ծխախոտի գինը բարձրանա, սակայն ընդգծում է, որ դա պետք է արվի աստիճանաբար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 23-ին վարչապետը համապետական շաբաթօրյակի շրջանակներում հավաքում էր տարածքում թափված ծխախոտի ծխուկները և այդ ընթացքում նա հիշեց ծխելու դեմ պայքարող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին. «Հիմա ուղիղ եթերով նայում ու ասում է, որ այդքան ասում եմ ծխելն արգելեք, այ այդպես, դե հավաքե՛ք»,- կատակեց Փաշինյանը:

Լրագողի հարցին` թե դե՞մ է արդյոք, որ ծխախոտի գինը բարձրանա, Փաշինյանը պատասխանեց.

«Ոչ, ես դեմ չեմ, որ ծխախոտի գինը բարձրանա: Ծխախոտի գինը արդեն իսկ բարձրանալու է: Խոսքը տեմպերի մասին է: Պարոն Թորոսյանը ցանկանում է, որ միանգամից գինը բարձրանա, սակայն պետք է հնարավորինս աստիճանաբար և բալանսավորված այդ գործընթացը արվի»,- ասաց նա և ավելացրեց. «Ես իմ տեսակետն ունեմ, ինքը՝ իր տեսակետը»:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am