ՀՀ դեսպանը և Լիբանանի ԱԺ նախագահն անդրադարձել են օրենսդիր մարմինների համագործակցության հեռանկարներին

21:10, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը մարտի 22-ին հանդիպել է Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրիի (Nabih Berri) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Լիբանանի Ազգային ժողովի նախագահին փոխանցելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատասխան ուղերձը` դեսպանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ առավել ակտիվացնելու ու ամրապնդելու հայ-լիբանանյան միջխորհրդարանական կապերը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լիբանանի օրենսդիր մարմինների համագործակցության հեռանկարներին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ խորհրդարանական ձևաչափերով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անդրադառնալ խորհրդարանական հնարավոր փոխայցելությունների հեռանկարներին:


© 2009 ARMENPRESS.am