«Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար» ծրագիրը նոր հեռանկարներ կբացի մասնակիցների առաջ
15:49, 21 Մարտ, 2019ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար» մեկամյա ծրագրի շրջանակում միջազգային փորձագետները և մասնագետները, ովքեր մշակել են այս ծրագիրը, կսովորեցնեն և կվերապատրաստեն երիտասարդներին՝ հաղորդելով նրանց ձեռնարկատիրության, առաջնորդության հմտություններ և գիտելիքներ, ինչպես նաև գաղտնիքներ, թե ինչպես սկսել իրենց փոքր բիզնեսը և ինչպես համապատասխանեցնել իրենց կրթությունը աշխատանքի շուկայի պահանջների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս նպատակով՝ ծրագրին կմասնակցեն ընդհանուր առմամբ 8 պետությունների ներկայացուցիչներ, որտեղ գործազրկության տոկոսը Եվրոպայում ամենաբարձրն է։ Մասնակից երկրներն են՝ Հունաստանը, Իտալիան, Խորվաթիան, Պորտուգալիան և Ֆրանսիան (ԵՄ Ծրագրային երկրներից 5-ը) և Հայաստանը, Վրաստանը և Ուկրաինան (Արևելյան գործընկերության երկրներից 3-ը):
Ծրագիրը կիրագործվի 3 հիմնական փուլով: Սեմինար, երիտասարդական փոխանակման ծրագիր և ամփոփում-արդյունքների գնահատում: Հայաստանում կանցկացվի սեմինարը և փոխանակման ծրագիրը: Ծրագրի գնահատման վերջին փուլը՝ ամփոփումը, կիրականացվի Ֆրանսիայում 2019 թվականի հոկտեմբերին: Առաջին փուլը կիրականացվի Երևանում: Այն կտևի մարտի 30-ից մինչև ապրիլի 7-ը: Այս սեմինարին կմասնակցեն երիտասարդական առաջնորդներ, երիտասարդական աշխատողներ և 8 ՀԿ-ի ղեկավարներ: Յուրաքանչյուր 8 երկիր կներկայացնի գործազրկության, երիտասարդության ներգրավվման, առաջնորդության, ձեռներեցության թեմայով մասնագիտացած 3 պատվիրակներ: Աշխատանքային օրերի ընթացքում մասնագետները կքննարկեն յուրաքանչյուր մասնակից երկրի գործազրկության խնդիրը, յուրաքանչյուր երկիր-պատվիրակություն մանրամասն կներկայացնի իրենց երկրում առկա խնդիրները, ինչպես է իրենց երկիրը և կազմակերպությունը երիտասարդներին աջակցում: Կհրավիրվեն ձեռնարկատիրության ոլորտում մասնագիտացված պրոֆեսիոնալ փորձագետներ, որոնք իրենց գիտելիքները և փորձը կփոխանցեն երիտասարդ առաջնորդներին, որոնք էլ իրենց հերթին կօգնեն երիտասարդներին սկսել ստարտափ ծրագրեր:© 2009 ARMENPRESS.am