Շախմատային քայլ. արդյո՞ք Նազարբաևը հեռացավ

16:32, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 19-ին լրատվադաշտը և սոցիալական ցանցերը ցնցեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականը։ Նա տեսաուղերձով դիմեց Ղազախստանի ժողովրդին և հենց տեսաուղերձի ընթացքում էլ ստորագրեց նախագահական վերջին հրամանագիրը, որով դադարեցրեց այդ պաշտոնում իր լիազորությունները։ Նազարբաևը կանգնած է Ղազախստանի անկախության ակունքներում, և մոտ երեք տասնամյակ է, ինչ զբաղեցնում էր երկրի նախագահի պաշտոնը։ Մինչ ԽՍՀՄ կազմալուծումը եղել է նաև Ղազախական ԽՍՀ նախագահ, Ղազախստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար։ Թերևս, Նազարբաևի երկար տարիների պաշտոնավարման, Ղազախստանի միակ ու անփոփոխ նախագահը լինելու և մեծ հեղինակության պատճառով էլ նրա հրաժարականի մասին լուրն այդքան անսպասելի թվաց և տարաբնույթ քննարկումների առիթ հանդիսացավ։

Նուրսուլթան Նազարբաևի պաշտոնավարման հինգերորդ ժամկետն ավարտվելու էր 2020թ., և ըստ Ղազախստանի օրենսդրության՝ նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում նրա լիազորությունները ժամանակավորապես փոխանցվում են խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահին՝ մինչև նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը, ինչից հետո միայն անցկացվում են հերթական նախագահական ընտրություններ։ Հատկանշական է, որ Ղազախստանի Սահմանադրության համաձայն՝ Նազարբաևը 2020թ. կարող էր առաջադրվել նաև վեցերորդ անգամ, քանի որ երկրի առաջին նախագահի («Ազգի առաջնորդի») համար, նախագահի պաշտոնում առաջադրվելու հետ կապված որևէ սահմանափակում չկա։

Նման պարագայում ինչո՞ւ  հեռացավ Նազարբաևը կամ արդյո՞ք հեռացավ։

Ղազախստանի նախագահի հրաժարականը կարելի է պայմանավորել երկու հիմնական հանգամանքով։ Նախ, 2019թ․ կլրանա Նազարբաևի 79-ամյակը, և, ինչպես վերջերս շրջանառվում է մամուլում, առաջին նախագահն առողջական որոշակի խնդիրներ ունի, ուստի, աշխատանքային նման ծանրաբեռնվածությունը կարող է նրան հակացուցված լինել։ Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ այս քայլով Նազարբաևը փորձել է ապահովել իշխանության փոխանցումը վստահելի «իրավահաջորդի»՝ պահպանելով սեփական ազդեցությունը: Վերջին շրջանում Նազարբաևը բավական կարևորում էր «իրավահաջորդի» հարցը։ Լրատվական և փորձագիտական շրջանակների կողմից շրջանառվող առավել հավանական թեկնածուների թվում էին Սենատի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ով մարտի 20-ից ժամանակավոր իրականացնում է երկրի նախագահի լիազորությունները, Ղազախստանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ Սամատ Աբիշը, ով նաև Նազարբաևի զարմիկն է, ինչպես նաև Դարիգա Նազարբաևան՝ Ն. Նազարբաևի դուստրը: Նրանք բոլորն էլ վայելում են Նազարբաևի վստահությունը և դեռևս հնարավոր չէ միանշանակ պնդել, թե նրանցից ով կլինի 2020թ. նախագահական ընտրությունների ֆավորիտը:

Իշխանության փոխանցման այս գործընթացում Նազարբաևը փաստացի պահպանում է իր ազդեցությունը, ինչի մասին են վկայում, օրինակ այն, որ ցմահ կշարունակի գլխավորել Ղազախստանի Անվտանգության խորհուրդը և մնալ Սահմանադրական խորհրդի անդամ, ինչպես նաև ղեկավարել իշխող «Նուր օթան» կուսակցությունը: Այս պաշտոններում նրա իրավասությունները հնարավորություն են տալիս շարունակել վճռական դերակատարում ունենալ Ղազախստանի ղեկավարման գործում՝ միաժամանակ ապահովելով իշխանության անցնցում տրանզիտը: Անվտանգության խորհրդին են վերապահված ինչպես արտաքին քաղաքական և պաշտպանական ոլորտներում լուրջ լիազորություններ, այնպես էլ ուժային կառույցների, կենտրոնական և տեղական գործադիր մարմինների աշխատանքների համակարգումը, օրենսդրական նախագծերի վերլուծությունը և իրավական փաստաթղթերի կյանքի կոչմանը հետևելը։

Անցումային այս ժամանակահատվածում քաղաքական կայունության ապահովման նպատակով մեկ ամիս առաջ՝ փետրվարին փոխվել է նաև Ղազախստանի կառավարության կազմը, որը վերջին ամիսներին բավական մեծ քննադատության էր արժանանում ոչ արդյունավետ գործելու պատճառով։ Կառավարության կազմում փոփոխությունները պայմանավորված էին իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացման, ինչպես նաև կառավարության կազմում առավել վստահելի պաշտոնյաների նշանակման անհրաժեշտությամբ։

 Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը՝ կարող ենք եզրակացնել, որ Նազարբաևը հրաժարականից հետո, բնավ, չի պատրաստվում լքել քաղաքականությունը։ Ավելին, Ղազախստանում իշխանությունը դեռևս կշարունակվի փաստացի մնալ առաջին նախագահի՝ Նազարբաևի ձեռքում:

Վարդուհի Հարությունյան


© 2009 ARMENPRESS.am