Դեսպան Սմբատյանը Գերմանիայի ՊՆ պետքարտուղարի հետ քննարկել է հայ- գերմանական ռազմական գործակցության հարցեր

15:26, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին և ռազմական կցորդ գնդապետ Արայիկ Հարությունյանին մարտի 18-ին  ընդունել է  ԳԴՀ պաշտպանության նախարարության պետքարտուղար, ՔԴՄ կուսակցության նախկին գլխավոր քարտուղար դր. Պետեր Թաուբերը (Peter Tauber)։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական ռազմական գործակցության մի շարք հարցեր, այդ թվում` ռազմական կրթության, ռազմական բժշկության բնագավառներում երկկողմ փոխշահավետ համագործակցության հեռանկարները։

Երկուստեք կարևորվել է խաղաղապահության ոլորտում ձևավորված կապերը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է լիարժեքորեն օգտագործել առկա ներուժը։

Կողմերն անդրադարձ են կատարել Սիրիայի Արաբական Հանրապետության ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայաստանից հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խմբի գործունեությանը Սիրիայում։


© 2009 ARMENPRESS.am