Դավիթ Տոնոյանը և ԿԽՄԿ պաշտոնյան կարևորել են Ադրբեջանում բանտարկված Կարեն Ղազարյանի կանոնավոր տեսակցությունների ապահովումը

19:13, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին և ԿԽՄԿ պաշտպանության գործառույթների համակարգող Զուրաբ Բուրդուլիին՝ Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բարձր գնահատելով առաքելության ընթացքում կատարած ծավալուն աշխատանքը` Դավիթ Տոնոյանը հաջողություն է մաղթել Զուրաբ Բուրդուլիին հետագա գործունեության ընթացքում:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու առաջիկա անելիքները:

Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ խնդիրներ:

Կողմերն անդրադարձել են նաև 2018թ. հուլիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած և . փետրվարի 27-ին Ադրբեջանի դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրին՝ս կարևորելով Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված աշխատանքը վերջինիս կանոնավոր տեսակցությունների և ընտանիքի հետ նամակագրության ապահովման նպատակով:


© 2009 ARMENPRESS.am