Գազավորված ըմպելիք արտադրողները հանդիպում կունենան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ. նրանք դադարեցնում են բողոքի ակցիան

14:12, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների աշխատակիցներին մարտի 19-ին կընդունի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. նրանք դադարեցնում են բողոքի ակցիան, որը մարտի 18-ի առավոտից անցկացնում էին կառավարության շենքի մոտ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը հավաքվածներին հայտնեց իր և ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հանդիպման մանրամասները: Նա փոխանցեց, որ Նաիրի Սարգսյանը խոստացել է մարտի 19-ին հանդիպում կազմակերպել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

«Հայ կոլա» ընկերության տնօրենն ընդգծեց, որ իրենց հետագա քայլերի մասին կհայտարարի փոխվարչապետի հետ հանդիպումից հետո:

Գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների աշխատակիցները մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են անցկացնում կառավարության շենքի մոտ՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններից, որոնց արդյունքում ավելանալու է գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների հարկային բեռը: Նրանք պնդում են, որ հարկային բեռի ավելացումը կհանգեցնի իրենց արտադրանքի գների բարձրացման, սպառման ծավալների նվազման, ինչի արդյունքում շատ ընկերություններ կարող են փակվել:

 


© 2009 ARMENPRESS.am