Տիգրան Ավինյանի կարծիքով՝ առաջարկվող Հարկային օրենսգիրքը սպասված էր բիզնեսի համար

12:24, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվող որոշ դետալների վերաբերյալ կառավարությունում  շատ երկար քննարկումներ են եղել։ ՀՀ փոչվարչապետ Տիգրան Ավինյանը վստահ է, որ խորհրդարանում դրանք նույնպես կշարունակվեն, սակայն իրենք կհանգեն կոնսենսուսային որոշումների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավինյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

«Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը բավականին ծավալուն է: Այդ փաթեթում շատ հարցեր են արծարծվում: Հետևապես, դրա վերաբերյալ խոսակցություններն ու քննարկումները շարունակական են:  Այն արդեն իսկ տեղափոխվում է Ազգային ժողովի դաշտ, և, կարծում եմ, այդ քննարկումները կշարունակվեն այնտեղ»,- նշեց Ավինյանը:

Դիտարկմանը, թե «Իմ քայլը» խմբակցության տնտեսագետ-պատգամավորներից ոմանք թերություններ և բացեր են նկատում նախագծում՝ Ավինյանն ասաց, որ փաթեթը շատ մեծ է: Եվ բազմաթիվ դետալներ կան, որ կառավարության ներսում շատ երկար քննարկումներ են անցել: «Եվ ես չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն նաև ԱԺ-ում, բայց համոզված եմ, որ ընդհանուր կոնսենսուսային որոշումների կգանք»,-ասաց փոխվարչապետը:

Անդրադառնալով հարցին՝ թե իր կարծիքով դա հեղափոխակա՞ն Հարկային օրենսգիրք է, Ավինյանն ասաց. «Սա Հարկային օրենսգիրք է, որը, կարծում եմ, սպասված էր բիզնեսի կողմից: Համոզված եմ, որ տնտեսության վրա դրական ազդեցություն է ունենալու»,-եզրափակեց փոխվարչապետը:


© 2009 ARMENPRESS.am