Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ

10:52, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 18-ին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին՝ ծննդյան տոնի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Ձեր պաշտոնական այցը Հայաստան և դրա շրջանակներում մեր հանդիպումները բավականին արդյունավետ էին և մեկ անգամ ևս հնարավորություն ընձեռեցին ընդգծել հայ և վրացի ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերություններն ու անդրադառնալ մեր երկրների համագործակցության հեռանկարներին»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված փոխգործակցությունը հետագայում ավելի կխորանա:

Արմեն Սարգսյանը Սալոմե Զուրաբիշվիլիին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ:


© 2009 ARMENPRESS.am