Նախագահի կարգադրությամբ աշխատանքային խմբի ձևավորումը ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման գործն առավել թափանցիկ է դարձրել

16:44, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ ձևավորվել է ժամանակավոր աշխատանքային խումբ, որի անդամները զրուցել են նախագահի աշխատակազմ իրենց փաստաթղթերը ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի բոլոր հավակնորդների հետ և իրենց խորհրդատվական կարծիքն են ներկայացրել նախագահին: «Արմենպրես»-ը գործընթացի իրավականության և աշխատանքային խմբի գործառույթների մասին զրուցել է սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբան Արամ Վարդևանյանի հետ:

-Պարոն Վարդևանյան, ո՞րն է այսպիսի աշխատանքային խումբ ստեղծելու պատճառը, և ինչպիսի գործընթաց է ենթադրում նախագահի կողմից սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրումը:

-Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրող սուբյեկտներից մեկն է, և Սահմանադրության համաձայն՝ նա ունի որոշակիորեն, նույնիսկ, բացարձակ հայեցողական լիազորություն` որոշելու, թե ով պետք է լինի այդ անձը, բացառությամբ այն պահանջների, որոնք Սահմանադրությամբ են ամրագրված` տարիքային ցենզը, մասնագիտական որոշակի աշխատանքային ստաժը և այլն: Այս երևույթն իրենից ենթադրում է, որ նախագահն ազատ է որոշելու, թե նաև ինչպես է այս լիազորությունն իրացնելու: Աշխատանքային խումբը, որը փաստացի խորհրդատվական բնույթի մարմին է, այդ լիազորության իրացման գործիքներից մեկն է: Բայց շատ կարևոր է հաշվի առնել այն, որ այդ աշխատանքային խմբի կարծիքը որևէ պարտադիր բնույթ չունի, և չի կարող ունենալ: Այն գործընթացը շատ ավելի մասնագիտական, թափանցիկ դարձնելու և հանրության ներկայացուցիչների ընդհանուր կարծիք ձևավորելու տրամաբանության մեջ է:

-Միջազգային փորձում կա՞ նման նախադեպ:

-Եվրոպական ժամանակակից, ժողովրդավարական երկրների հենց սահմանադրական դատարանների մասին օրենքներում նույնիսկ լինում են դեպքեր, երբ ուղղակի նման պահանջն ամրագրված է: Այս դեպքում դա, իհարկե, հայեցողական լիազորության իրացման հնարավորություն է, որն էլ այս պարագայում շատ ավելի սահմանադրական է, սահմանադրության գերակայությունից բխող է, որ նման մեխանիզմ է նախատեսվել:

-Համացանցում կիրառվում են տարբեր եզրույթներ. «ժամանակավոր աշխատանքային խումբ», «մրցութային հանձնաժողով», «մասնագիտական հանձնաժողով», «խորհրդակցական մարմին»: Ի վերջո` այդ ի՞նչ խումբ է:

-Նշվածն, ըստ իս, հանդիսանում է խորհրդատվական մարմին: Բնավ մրցութային հանձնաժողով չէ: Այն հանրապետության նախագահին ամբողջությամբ խորհրդատվական կարծիք ներկայացնելու առաքելություն ունի: Բայց, իհարկե, այդ կարծիքները, հատկապես երբ խմբի մեջ ընդգրկված են լինում արհեստավարժությամբ, ոլորտի տեղեկացվածությամբ օժտված մարդիկ, միայն նպաստում են գործընթացին: Այն ավելի թափանցիկ ու ներառական են դարձնում:

-Արդյոք, սահմանադրականության տեսանկյունից խնդրահարո՞ւյց է այն, որ Հանրապետության նախագահն ստորագրել է կարգադրություն Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ և ձևավորել ժամանակավոր աշխատանքային խումբ:

-Գործընթացը որևէ իրավական խնդիր չի առաջացնում, և չի էլ կարող առաջացնել: Դա շատ ավելի սահմանադրական է: Նույնիսկ, չափազանց  կարևոր է, որ նման մեխանիզմ նախատեսվի: Կարծում եմ` առհասարակ նման տեսակ պաշտոնների, որոնք իրենցից ոչ թե զուտ միայն պաշտոն են ենթադրում, այլ, նույնիսկ, որոշակի առաքելություն, նման գործընթացները պետք է որոշակի ֆիլտրման մեխանիզմ ունենան: Նման խմբերն ու հանձնաժողովները կարող են այդ դերն ունենալ, դրանով նաև մասնակից դարձնելով հանրությանը: Ժամկետների տեսանկյունից նույնպես որևէ խախտում չկա:

Հարցազրույցը` Նորայր Շողիկյանի


© 2009 ARMENPRESS.am