Թմրամիջոցներից զերծ աշխարհի ընդհանուր նպատակը կարող է իրականանալ միջազգային համագործակցության ջանքերի ուժեղացման միջոցով. Արսեն Թորոսյան

15:46, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն «Ֆեյսբուքի» իր էջում ներկայացրել է ելույթի մի մասը: «Երեկ այս դահլիճում միահամուռ հաստատվեց «Թմրամիջոցների համաշխարհային խնդրին դիմակայելու և հակազդելու մեր համատեղ պարտավորությունների կատարման իրականացումն ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում գործողությունների ամրապնդման մասին» նախարարական հռչակագիրը, որը սովորական պահեստային փաստաթուղթ չէ: Ավելին, անհրաժեշտություն կա ձեռնարկելու քայլեր` փրկելու միլիոնավոր կյանքեր՝ երիտասարդ կյանքեր. մեր երեխաների կյանքը, մեր ապագան»,-ասել է Թորոսյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ  թմրամիջոցներից զերծ աշխարհի  ընդհանուր նպատակը կարող է իրականանալ միայն իրազեկության բարձրացման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային մակարդակներում համագործակցության ջանքերի ուժեղացման միջոցով: «Այս առումով, համընդհանուր կայուն զարգացման նպատակների համար 2030 օրակարգի խթանումը և կայուն զարգացման նպատակների պատշաճ իրականացումը առանձնահատուկ նշանակություն ունի: Հայաստանը կայուն զարգացման նպատակների իրականացման խթանումը համարում է առաջնային կարևոր գործիք, ապահովելով ներգրավված ներքին բարեփոխումների իրականացումը, որը հիմնված է ոչ խտրական մոտեցման վրա` «Չանտեսել ոչ մեկին» կարգախոսի շրջանակում»,-նշել է Թորոսյանն իր ելույթում:


© 2009 ARMENPRESS.am