Հայաստանն ու Բուլղարիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները

15:34, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 13-ին  ընդունել է Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ռոսեն Ժելիազկովի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյան:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի անցկացումը լավ հնարավորություն է նոր խթան հաղորդելու երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռոսեն Ժելիազկովն ասել է, որ ժամանել  է ավելի քան 30 բուլղարական ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին, ինչը վկայում է Հայաստանի նկատմամբ Բուլղարիայում առկա զգալի հետաքրքրվածության մասին:

Զրուցակիցները համակարծիք էին, որ մինչ 2021թ.-ին նախատեսված հաջորդ միջկառավարական հանձնաժողովի նիստը կողմերը նախանշել են փոխգործակցության բավականին հավակնոտ օրակարգ, որի իրականացումը զգալիորեն առաջ կմղի երկրների առևտրատնտեսական կապերը:

Հանդիպմանը քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես թվայնացման, օպտիկամալուխային գերարագ ցանցերի զարգացման և կիբեռանվտանգության ուղղություններով: Անդրադարձ է կատարվել ավիացիոն ուղևորափոխադրումների, ինչպես նաև մուլտիմոդալ բեռնափոխադրումների ոլորտներում համագործակցության հարցերին:

 

 


© 2009 ARMENPRESS.am