Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի մոտ

10:40, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները կրկին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով վերախմբագրել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ գրավատների համար ներկայիս 100 հազար դրամի փոխարեն պետական տուրքը կդառնա 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար 50 հազար դրամի փոխարեն՝ 3 միլիոն դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրավատների աշխատակիցները նշում են, որ պետական տուրքի այդպիսի բարձր չափ սահմանելու դեպքում գրավատները պարզապես կփակվեն, քանի որ ի վիճակի չեն լինելու վճարել այդ գումարները:

Գրավատան տնօրեն Աշոտ Պողոսյանն ընդգծում է, որ Կենտրոնական բանկի մասնաճյուղերը, որտեղ փոխանակման կետեր չեն գործում, ընդամենը 350 հազար դրամ պետական տուրք են վճարում: «Բանկի մասնաճյուղերի համար, որը տարբեր գործառույթներ ունի՝ հսկայական շրջանառություններով, սահմանված է 350 հազար դրամ պետական տուրք,  իսկ գրավատան դեպքում սահմանվում է 6 միլիոն դրամ: Սրա մեջ ոչ մի տրամաբանություն չկա»,- ասաց նա:

Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները կառավարության շենքի մոտ ևս մեկ բողոքի ակցիա են անցկացրել: Այն ժամանակ նրանց մոտեցավ և խնդիրը լսեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով տեղեկացրեց, որ ինքն այդ հարցով մասնագիտական քննարկում է հրավիրել՝ հասկանալու համար, թե ինչ ճանապարհով է պետք գնալ: 


© 2009 ARMENPRESS.am