Վրաստանի նախագահը տարածաշրջանում հակամարտությունների լուծման միակ ուղին խաղաղ ճանապարհն է համարում

15:47, 13 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունների լուծման միակ ուղին խաղաղ ճանապարհն է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 13-ին այս մասին Հայաստանի ու Վրաստանի նախագահների համատեղ հայտարարության ընթացքում ասաց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որի համար վճռական է կայունությունն ու խաղաղությունը, որն էլ պարտադիր նախապայման է մեր երկու երկրների տնտեսության զարգացման ու տնտեսական համագործակցության խորացման համար: Բազմաթիվ մարտահրավերներ կան մեր տարածաշրջանում, որոնց լուծման ուղին խաղաղ ճանապարհն է՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի վրա: Այդ ամենը պետք է լինի բանակցությունների շնորհիվ»,- ասաց Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահը նշեց, որ իրենց երկրի համար կարևոր է Վրաստանում հայերի ու ադրբեջանցիների խաղաղ գոյակցումը:

«Վրաստանի համար կարևոր է, որ Վրաստանի տարածք չտեղափոխվի տարածաշրջանում առկա հակամարտությունը: Մեզ համար շատ կարևոր է, որ Վրաստանում ապրող՝ Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիները խաղաղ լինեն ու ինտեգրված մեր երկրի մշակույթում: Որպես նախագահ՝ պարտավոր եմ այնպես անել, որ նրանք լիարժեք մասնակից դառնան Վրաստանի տնտեսական ու մշակութային զարգացմանը»,- նշեց նախագահը:

Վրաստանի Հանրապետության նախագահը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով:


© 2009 ARMENPRESS.am