Դեսպան Կարեն Գրիգորյանը հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին

19:08, 12 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը մարտի 12-ին իր հավատարմագրերն է  հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կարճատև զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ Ալ Սիսիին փոխանցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև՝ Հայաստանում հյուրընկալելու պատրաստակամությունը։

Շնորհավորելով ՀՀ դեսպանին հավատարմագրերի հանձնման կապակցությամբ՝ ԵԱՀ նախագահ Ալ Սիսին բարձր է գնահատել դարերի խորքից եկող հայ-եգիպտական պատմական բարեկամական հարաբերությունները և հաջողություն մաղթել ՀՀ դեսպանին իր առաքելության մեջ։

Դեսպան Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին՝ հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման ուղղությամբ նրա պատրաստակամության համար։


© 2009 ARMENPRESS.am