Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կարևորում է երիտասարդների մասնակցությունը ներքին առաջնությանը  

15:50, 12 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կարևորում է ներքին առաջնությունում երիտասարդների մասնակցությունը:

«Հայաստանի այս տարվա առաջնությունը շատ կարևոր է այն առումով, որ մասնակցում են նաև երիտասարդները: Եվրոպայի առաջնությունից առաջ կայանալիք հավաքին ուզում ենք ընդգրկել նաև 5 լավագույններին: Մարմնամարզության մեջ առաջին անգամ կանցկացվի աշխարհի երիտասարդների առաջնություն, որին մենք կմասնակցենք մեկ մարզիկով: Երիտասարդների հնարավորություններին այնքան ծանոթ չենք, փոխարենը լավ գիտենք, թե ինչի են ընդունակ մեծահասակները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Սերոբյանի խոսքով` մարմնամարզիկների համար մի քիչ բարդացել է Օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերելը, քանի որ քվոտաները խաղարկվելու են Բաքվում և Ավստրալիայում կայանալիք աշխարհի գավաթի փուլերում: «Մենք կմասնակցեն միայն աշխարհի գավաթի 4 խաղարկության և աշխարհի առաջնությանը, որը ևս վարկանիշային կլինի: Հույս չունեմ, որ աշխարհի գավաթում  կհաջողվի ուղեգիր նվաճել, միակ ակնկալիքս աշխարհի առաջնությունից է»,-շեշտեց Սերոբյանը:

Մարտի 28-ից մարմնամարզության Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում, իսկ ապրիլի 7-ից կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:


© 2009 ARMENPRESS.am