Փոխվարչապետ Գրիգորյանը և ԱՄՆ նորանշանակ դեսպանը քննարկել են ՀՀ-ում բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծումը

19:57, 11 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Բարձր գնահատելով ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը՝ Մհեր Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հետագա խորացմանը և զարգացմանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է Կառավարության ծրագրի առաջնայնությունները և կարևորել նախանշված բարեփոխումների իրականացման գործում Հայաստանին աջակցող գործընկերների հետ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշել է. «Պարոն Գրիգորյան, վստահ եմ, որ Ձեզ հետ իմ այսօրվա հանդիպմամբ սկիզբ է առնում շիտակ, բաց և արդյունավետ երկխոսության մի շարք, որը թույլ կտա Հայաստանին և Միացյալ Նահանգներին կառուցել գործընկերության ու համագործակցության առավել ամուր կապեր»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու հնարավորությունների և հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ:


© 2009 ARMENPRESS.am