Մարտի 12-ին սպասվող իրադարձությունները

09:30, 12 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ մարտի 12-ին, ՀՀ և Արցախի ղեկավարների մասնակցությամբ նախատեսվում է անցկացնել անվտանգության խորհրդի նիստ:

Ազգային ժողովում կկայանա ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանը լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ կներկայացնի Ստամբուլում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ աշխատաժողովի վերաբերյալ:

Հայաստանում ֆրանսիական համալսարանում  կկայանա «ՆԱՏՕ-ի գործընկերությունները. Ֆրանսիայի տեսակետը» խորագրով կոնֆերանս: Զեկույցով հանդես կգա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

Երևանում հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում կանցկացվի Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը, Ադրբեջանում անցկացվող զորավարժությունները քաղաքագիտական դաշտի ուշադրության կենտրոնում են: Հրավիրված ասուլիսներում քաղաքագետները, փորձագետները կներկայացնեն իրենց դիտարկումները:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը կստորագրեն համագործակցության հուշագիր:

Արամ Խաչատրյան համերգասրահում   կկայանա  Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական փառատոնի փակման գալա-համերգը։  Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ 

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


© 2009 ARMENPRESS.am