Պոլսո պատրիարքարանը մանրամասներ է հայտնում պատրիարք Մութաֆյանի հոգեհանգստի արարողության վերաբերյալ

15:02, 9 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը Թուրքիայից ակնկալվում է  տարբեր պաշտոնյաների մասնակցություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտնեց, որ հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով սպասում են հյուրերի՝ ինչպես երկրի ներսից, այնպես էլ արտերկրից:  

Սրբազան հայրն ընդգծեց, որ կազմակերպման աշխատանքների վերաբերյալ հստակ որոշում կկայացվի մարտի 9-ի երեկոյան կրոնական ժողովի ժամանակ:

«Կարծում եմ՝ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 17-ին՝ մայր եկեղեցում: Նախքան հուղարկավորությունը երկու կամ երեք օր ժողովուրդը հնարավորություն կունենա իր հարգանքի տուրքը մատուցելու պատրիարքին: Կիրակի օրը կփակենք բոլոր եկեղեցիները, ամբողջ հոգևորական դասը և ժողովուրդը կհավաքվեն Պոլսո աթոռանիստ մայր եկեղեցում»,- նշեց Մաշալյանը:

«Ներկա կլինեն նաև բարձրաստիճան եկեղեցականներ: Առաջիկայում ավելի հստակ տեղեկություններ կունենանք, ամենաուշը չորեքշաբթի օրը»,- ասաց Սահակ Սրբազանը՝ նշելով, որ պետական պաշտոնյաների առումով ակնկալվում է մասնակցություն նախարարական մակարդակով:

Երկար ժամանակ կոմայի մեջ գտնվելուց հետո 62 տարեկանում, մահացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Մեսրոպ Բ Մութաֆյանը Պոլսո հայոց 84-րդ պատրիարք է ընտրվել 1998 թ-ին: 


© 2009 ARMENPRESS.am