Վազգեն Սարգսյանի հոբելյանը նշանավորվեց նրա կյանքի դրվագները ներկայացնող լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսով

16:37, 7 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպարապետ Վազգեն Սարգսյանի  կյանքի բացառիկ դրվագները պատկերող լուսանկարչական աշխատանքները ներկայացված են նրա 60-ամյակին նվիրված ցուցահանդեսում, որը բացվեց մարտի 7-ին Հայաստանի գրողների միությունում։

 «Այստեղ ներկայացված են լուսանկարներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել: Դրանք նոր կյանք են ստացել` առաջին անգամ ցուցադրվելով Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը` մարտի հինգին նրա տուն-թանգարանում: Ցուցահանդեսի գաղափարը  Արամ Սարգսյանի ավագ դուստր Գրետա Սարգսյանինն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Գրետա Սարգսյանի խոսքով` ինքը Վազգեն Սարգսյանին ընկալում է որպես հզորության, ուժի, խելքի մարմնացում: «Մեր տուն գալիս, նա խաղում էր մեզ հետ: Երբեք չեմ տեսել նրան հոգնած, անհավես կամ քաղաքական այրերին հատուկ զբաղված մարդու կերպարով:  Անկախության օրը նա մեզ հետ պահմտոցի էր խաղում: Երբ տատիկս` Գրետա Սարգսյանը զայրացավ` հիշեցնելով, որ ուշ գիշեր է,  հորեղբայրս պատասխանեց հարցով` շեշտելով, թե  ո՞վ է տեսել, որ Անկախության օրը մարդիկ քնեն, այդ օրը պետք է նշել. մեծ տոն է: Նրանից միայն մանկական լուսավոր հիշողություններ ունեմ»,-պատմեց Գրետա Սարգսյանը:

Նա շնորհակալություն հայտնեց «Արմենպրես»-ին լուսանկարների մեծ մասը տրամադրելու  և Անահիտ Ադամյանին իրեն աջակցելու համար:

Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի կրտսեր դուստրը` Ծովինար Սարգսյանը հայտնեց, որ  ցուցահանդեսը կներկայացվի նաև Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Հետագայում լուսանկարները կհամալրեն Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի ցուցանմուշների շարքը:

[gallery id= 62134]

© 2009 ARMENPRESS.am