Հայաստանի 11 զբոսաշրջային ընկերություններ Գերմանիայում մասնակցում են «ITB Berlin» միջազգային ցուցահանդեսին  

19:28, 6 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի աջակցությամբ հայաստանյան 11 ընկերություններ մարտի 6-9-ին Բեռլինում մասնակցում են «ITB Berlin 2019» միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով մեր երկրի զբոսաշրջային գրավչությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ասոցիացիայի հանրային կապերի խմբից, «Տուրիզմ Արմենիայի» միասնական տաղավարում 11 ընկերությունները, ներկայացնելով Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, շեշտադրում են արել պատմամշակութային, արկածային զբոսաշրջության, ավանդական արհեստագործության, հոգևոր ժառանգության, գինու և խոհանոցի վրա։ Հիմնական պրոդուկտների շարքում ընդգրկված են նաև տարածաշրջանային այցերի կազմակերպման փաթեթներ, որոնք ներառում են Հայաստանը, Վրաստանը, Իրանը, Արևմտյան Հայաստանը։

«Մեր զբոսաշրջային ընկերություններից մի քանիսն այս ցուցահանդեսին մասնակցում են դեռևս 1995 թվականից, քանի որ Գերմանիան Հայաստանի տուրինդուստրիայի համար թիրախային շուկա է, կարելի է նույնիսկ նշել, որ ամենահավատարիմ շուկան է։ Այստեղից դեպի մեր երկիր զբոսաշրջիկների հոսքը փոքր տեմպերով, բայց տարեցտարի կայուն աճում է և, անկախ զարգացումներից, երբեք անկում չի ունեցել։ Բացի այդ, գերմանացիները տուրիզմի աշխարհում հայտնի են ինտելեկտուալ զբոսաշրջության նկատմամբ մեծ հետաքրքրությամբ, իսկ Հայաստանն ամբողջությամբ համապատասխանում է այդ պահանջներին»,- նշել է «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը։

«ITB Berlin»-ն աշխարհի առաջատար և խոշորագույն ցուցահանդեսն է զբոսաշրջության ոլորտում, որին այս տարի մասնակցում են մոտ 10 000 տուրօպերատորներ, հյուրանոցներ և ոլորտի այլ ընկերություններ՝ աշխարհի 180 երկրից։ Աշխատանքի 4 օրերին «ITB Berlin 2019»-ն ակնկալում է հյուրընկալել 160 000 մասնագիտացված այցելուի։

 


© 2009 ARMENPRESS.am