Արարատ Միրզոյանն ու Հայաստանում ԱՄԷ դեսպանն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժին

15:26, 6 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանն իր մասնագիտական կարողությունները լավագույնս կծառայեցնի երկու երկրների միջեւ կապերի առավել սերտացմանն ու աշխուժացմանը:

Քաղաքական երկխոսության համատեքստում օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը` ընդգծելով, որ առաջիկայում կձեւավորվի Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ պատգամավորական բարեկամական խումբը:

Անդրադառնալով հայ-էմիրաթական հարաբերություններին` ԱԺ նախագահը առեւտրատնտեսական փոխգործակցությունը խթանելու գործում ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:

«Հայաստանի համար Արաբական Միացյալ Էմիրությունները կարող է պատուհան լինել Ծոցի երկրների հետ փոխգործակցության շրջանակներում, իսկ Հայաստանն իր հերթին Միացյալ Էմիրությունների համար կարող է կամուրջ հանդիսանալ դեպի ԵԱՏՄ երկրներ ու շուկաներ»,-ընդգծել է Արարատ Միրզոյանը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ նորընտիր Ազգային ժողովը շարունակելու է արդյունավետ համագործակցությունը երկկողմ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ:

ԱՄԷ դեսպանը համոզմունք է հայտնել, որ ջանքեր կներդնի երկկողմ հարաբերությունների խթանման հարցում՝ ի նպաստ բարեկամ ժողովուրդների: Նա մեծապես կարեւորել է ԱՄԷ-ի հայ համայնքի դերը երկու երկրների միջեւ համագործակցության ամրապնդման, ինչպես նաեւ մասնակցությունը երկրի զարգացման գործում:

Կողմերն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժին, մասնավորապես առանձնացրել նորագույն տեխնոլոգիաների, զբոսաշրջության բնագավառները, խոսել գործարարության զարգացման ու ներդրումների իրականացման հարցում մեր երկրում ստեղծված հնարավորությունների եւ ձեւավորված բարենպաստ մթնոլորտի մասին:

 


© 2009 ARMENPRESS.am